Հունվարի 14-ի գիշերը «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարությունը տեղի է ունեցել անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից NEWS.am-ին հայտնեցին, որ գիշերը իրենց դիմած 30-ամյա Էրիկ Հ.-ն եւ 35-ամյա Արմեն Մ.-ն վիրահատվել են, թեեւ դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում են, սակայն նրանց վիճակը բավարար է գնահատվում:

«Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 29-ամյա Ռաֆայել Գ.-ի եւ Միհրան Մ.-ի վիճակը եւս բավարար է: Վերջինները Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են Վիրաբուժության բաժանմունք:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Կատարվում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ի գիշերը Երեւանի կենտրոնում գտնվող «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել դանակահարություն: Հիվանդանոցներ են տեղափոխվել 4 երիտասարդ: Նրանք անգիտակից վիճակում են: