Թուրքիայում մեծ աղմուկ հանած զենք տեղափոխող բեռնատարների կալանման գործով Թուրքիայի դատախազների ու դատավորների խորհուրդը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել բեռնատարներին կանգնեցնելու հրահանգ տված 5 դատախազներին։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազների ու դատավորների խորհուրդը հիշյալ դատախազներին հեռացնելու պատճառաբանության մեջ նշել է, թե նրանց արարքը վարկաբեկել է մասնագիտական պատիվն ու պաշտոնյայի հեղինակությունը։
Նշենք, որ հիշյալ 5 դատախազները հրահանգել էին կանգնեցնել դեպի Սիրիա գնացող բեռնատարներ։ Թուրքական ժանդարմերիան կանգնեցրել էր Ազգային հետախուզության ծառայության հսկողությամբ Սիրիա մեկնող բեռնատարները, որոնք իբր պարենային օգնություն էին տանում։ Ստուգման արդյունքում պարզվել էր, որ բեռնատարների մեջ զենք է, որը տեղափոխվում է ահաբեկիչներին։




























