Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականությունը հանգեցնում է Սիրիայում իրավիճակի հետագա էսկալացիայի: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թուրքիան տարածաշրջանում գաղտնի խաղ է վարում, հետապնդելով նեղ կոնյուկտուրային շահեր,- նկատել է նա,- Մենք դատապարտում ենք նման ապակառուցողական քաղաքականությունը, որը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի, կոչ ենք անում կառուցողական աշխատանքներ իրականացնել՝ Սիրիայում քաղաքական կարգավորման բացառիկ գործընթացի մեկնարկն ապահովելու ուղղությամբ միջազգային ջանքերի շրջանակում ու քայլեր ձեռնարկել ԻՊ-ին ու տարածաշրջանում այլ ահաբեկչական կառույցներին իրական դիմակայություն ցուցադրելու ուղղությամբ»: Զախարովայի խոսքով, Թուրքիան ԻՊ դեմ պայքարի պատրվակով ձգտում է իր համար շահավետ դարձնել Սիրիայի հյուսիսում էթնիկ կոնֆիգուրացիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ Անկարան, օգտվելով Սիրիայում ստեղծված քաոսից, ԻՊ դեմ պայքարի պատրվակով ձգտում է իր համար շահավետ ձեւով փոխել այդ երկրի հյուսիսի էթնիկ կոնֆիգուրացիան,- նկատել է ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը,- Այս ռազմավարության շրջանակում նա քայլեր է ձեռնարկում՝ թուլացնելու համար ազգային խմբերից մեկին, որը ինքնամոռաց ու հաջող ձեւով դիմակայում է ջիհադական կառույցներին ու միաժամանակ ուժեղացնել մեկ ուրիշ ազգային խումբ»: «Թուրքական հատուկ ծառայությունները ռազմական ու այլ տեսակի աջակցություն են ցուցաբերում թուրքամետ զինված խմբավորումներին, որոնց շարքերում գործում են բացահայտ ծայրահեղական, ազգայնական տարրեր ու կամավոր զինյալներ՝ հենց Թուրքիայից»,- շեշտել է Զախարովան:




























