Պետությունը հոգ է տարել գյուղացիների համար վարկերի թափանցիկ պայմանների մասին: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է հանրապետության ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխությունները,որոնք խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի վերջին: Հիմա բանկերը պետք է իրական տոկոսադրույքը ցույց տան վարկային պայմանագրերում՝ ոչ միայն սպառողական ( ինչպես եւ նախկինում՝ անկախ ծավալից) այլեւ գյուղացիական՝ մինչեւ 2 մլն դրամի ծավալով ( մոտավորապես 4.15 հազար դոլար-խմբ.):

Առանձին գյուղացիները նման են լվացքի մեքենա ու սառնարան գնողներին՝ նրանք ոչ միշտ են մանրամասն ուսումնասիրում վարկի պայմանները: Հաճախ նրանք ուշադրություն են դարձնում միայն անվանական տոկոսադրույքի վրա, մինչդեռ իրական տոկոսադրույքը կարող է 2-2.5 անգամ բարձր լինել՝ հաշվի առնելով մարման ու սպասարկման վճարների տեսակը:

«Մենք ուզում ենք նրանց այնպես պաշտպանել, ինչպես սպառողներին ենք պաշտպանում: Դրա համար էլ ընտրվել է 2 մլն դրամի շեմը՝ այսինքն առանձին գյուղացիների այլ ոչ թե ագրարային բիզնեսի մակարդակը: Բիզնեսը կարող է ինքնուրույն կատարել տեղեկացված ընտրություն»,- նկատել է Սաֆարյանը: