Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մեկ տարի առաջ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Ալավերդյանը, Արտակ Մանուչարյանը, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանները նախնական համաձայնությամբ Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առեւանգել են նրան:

Բացի դրանից, Հովհաննես Ղալթախչյանն Արթուր Մելիքբեկյանին ապօրինի իրացրել է ինքնալից որսորդական ակոսափող հրազեն եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սաշա Ղալթախչյանն էլ իր հերթին ապօրինի ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ:

Գագիկ Ալավերդյանին, Արտակ Մանուչարյանին, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Ղալթախչյաններին մեղադրանք է առաջադրվել նաեւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Չորսն էլ կալանավորված են:

Դատական առաջին նիստը կկայանա հունվարի 21-ին:

Նշենք, որ Հովհաննես Ղալթախչյանը Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի   որդին է: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է 2013թ.-ին, երբ Աչաջուրի գյուղապետի դեմ մահափորձ էր կատարվել: Այդ ժամանակ ձերբակալված անձը՝ Մեխակ Մելիքբեկյանը, քննիչներին պատմել էր, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Դրանից հետո հենց ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Ալավերդյանը, Մանուչարյանն ու Ղալթախչյանները: