Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 42-ամյա Արաքսյա Ս.-ին։ Քննիչը հունվարի 15-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։
Ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Օվոյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառել է նրա տանը հյուրընկալված, 1974թ. ծնված մի կին՝ Ա.Սուքիասյանը։
Նախնական քննության տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ կնոջ ծանոթին Ա.Օվոյանի կողմից իր տնից նախորդ օրը դուրս հանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որոնց հետեւանքով Ա.Օվոյանը մահացել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Մեր տեղեկություններով, Արաքսյա Ս.-ն նախկինում դատված է եղել:
Հիշեցնենք, ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 11-ին Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր տանտիրոջ դին` բռնության հետքերով:
Ավելի ուշ պարզվել էր, որ նա 59-ամյա Աշոտ Օվոյանն է, որը միայնակ էր ապրում: NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի մորաքրոջ տղան, որը չցանկացավ հրապարակել իր անունը հայտնել էր, որ Աշոտ Օվոյանի կինը մահացած է, 20-ամյա որդին ապրում է մորաքրոջ հետ: Օվոյանը շինարար էր:
Տղամարդու դին հայտնաբերվել է կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով:




























