Վերջին շրջանում ազատամարտիկների ձերբակալություններից տպավորություն է, որ իշխանությունը մտադրվել է նրանց աքսորել երկրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը, որն իր ընկերների հետ միասին այս պահին Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի մոտ է՝ ի պաշտպանություն զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկների: Դատարանի մոտ հավաքվածների թվում են «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի ներկայացուցիչներն ու «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները: Բողոքի ակցիայի առիթը հունվարի 14-ին զինված խմբի գործով ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի ձերբակալությունն է:
«Այսպես էլ պետք է լիներ, իշխանությունը մտադրվել է ազատամարտիկներին վերացնել, աքսորել երկրից: Կարծես թե պատերազմն ավարտվել է, ազատամարտիկներն էլ այլեւս երկրին պետք չեն, նրանք խանգարում են արդեն իրենց: Ախր Վովան էդ մարդը չէ, ոնց կարող են նման գործով Վովային ձերբակալեն: Էդ խումբը 40-50 հոգի են, ոնց էլ չլինի մի հարյուր հոգու հետ զանգել խոսել են, հիմա պիտի բոլորին ձերբակալե՞ն»,-տարակուսեց պաշտպանության նախկին փոխնախարարը:
Նրա խոսքով` այսպիսով վախի մթնոլորտ են ստեղծում ազատամարտիկների շրջանում, որ նրանք չպայքարեն անարդարությունների դեմ ու մտածեն, որ նման դեպքում իրենց էլ ձերբակալելու են:
Հիշեցնենք, որ Ազատամարտիկների դաշինքը ակտիվորեն մասնակցում էր ՀԱԿ-ԲՀԿ իշխանափոխության պայքարին: Իշխանությունների` պայքարը տապալելուց հետո ազատամարտիկները եւս լքեցին պայքարի հարթակը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է այս ձերբակալությունները պայքարը վերսկսելու պատճառ լինեն, Գագիկ Մելքոնյանը նշեց, որ վարչությունը դեռ պիտի որոշում կայացնի հետագա անելիքների հետ կապված, այս պահին դժվարանում է հստակ բան ասել:
«Հակառակ դեպքում մնում է կոչ անել բոլորին հավաքվենք, հանձնվենք ու պրծնենք, թե չէ էսպես բոլորին ձերբակալելու են: Պետք է սրա դեմ պայքարել, հո տանկերով չենք ընկնի էս երկրի վրա, էս քայլերով պիտի մեր ասելիքը ասենք, հայտարարությամբ հանդես գանք, որոշենք` ինչ ենք անելու»,-ասաց Գագիկ Մելքոնյանը:
Նշենք, որ զինված խմբի գործի շրջանակում երեկ ձերբակալվեցին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը, ինչն անսպասելի էր ու աղմուկ բարձրացրեց: Ըստ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության, նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ձերբակալվածների բնակարանում եւ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ (ըստ հարազատների, Մարգարյանի տնից առգրավվել է երկու որսորդական զենք, որոնք օրինական են եղել)։
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակում, ըստ տարածված տեղեկությունների, ձերբակալվել են շուրջ 5 տասնյակ քաղաքացիներ։ Գործի մասին տեղեկությունները սակավ են, փաստաբաններին անգամ արգելված է իրենց պաշտպանյալների ինքնության մասին տեղեկություններ տրամադրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում 2015-ի նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Խմբի մեջ եղել են նաեւ կանայք:




























