Հայկական հասարակությունում ընդդիմության պահանջարկ կա: Ներկայիս ընդդիմությունը գրեթե մինչեւ վերջ լուսանցքայնացված է: Այդ մասին հունվարի 15-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, պահանջարկ կա, իսկ առաջարկ չկա:  «Նրան, ով այժմ իրեն ընդդիմություն է կոչում, մարդիկ չեն հավատում», - ընդգծել է Իսկանդարյանը:  Քաղաքագետի տեսանկյունից 2016 թվականը հետաքրքիր կլինի:  «Կընդունվի  Ընտրական օրենսգիրքը, որը գրեթե Սահմանադրության չափ կարեւոր փաստաթուղթ է:  Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի նորից վերակառուցվել», - կարծիք է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանը: Իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, շարունակել է նա, անում է ամեն հնարավորը, որպեսզի հաղթի 2017-ի խորհրդարանական ընտրություններում: «Այդ ընտրություններից առաջ նոր ուժ է հանդես գալիս:  Հնարավոր է, որ դա ղեկավարի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը», - հավելել է քաղաքագետը: