Երեւանում 2015 թ.  վերելակների շահագործման ժամանակ տեղի է ունեցել մեկ արտադրական դժբախտ դեպք` մահվան ելքով: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2015 թ. վերելակների, ճոպանուղիների եւ ատրակցիոնների պատահարների վիճակագրությունը:

«Երեւանի Բաշինջաղյան փողոցում մարտի 21-ին տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին է խոսքը: Մահվան ելքով այլ արտադրական դեպքեր տեղի չեն ունեցել»,- ասաց նա:

Նրա խոսքով, Երեւանում կա 5469 հաշվառված վերելակ` 4453-ը հաշվառված են բնակելի շենքերում:

 «Այդ վերելակներից 2015 թ. փորձաքննության է ենթարկվել 3864-ը: Եղել են վերելակներ, որոնք փորձաքննության ընթացքում ստացել են բացասական եզրակացություն, բայց շարունակում են աշխատել: Բարձրահարկ շենքերի բնակիչներն իրենք են դեմ, որ վերելակը դուրս գա շահագործումից, քանի որ բարձրահարկ շենքերի բնակիչները չեն կարողանում տնից դուրս գալ առանց վերելակի»,-ասաց Լուսինե Հովհաննիսյանը` նշելով, որ բնակելի շենքերի մեկ վերելակի փորձաքննության արժեքը 2930 դրամ է:

Նրա խոսքով, սեփական տներում տեղադրված վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ:

Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ Երեւանում տեղադրված 83 ատրակցիոններից երկուսը ստացել են փորձագիտական բացասական եզրակացություն: Շիրակի մարզում տեղադրված ատրիակցիոններից մեկը նույնպես ստացել է փորձագիտական բացասական եզրակացություն:

Շարժասանդուղքների եւ ճոպանուղիների փորձագիտական քննության ժամանակ բացասական եզրակացություններ չեն ստացվել: