Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երեւի ամենաանմեղն է, որովհետեւ ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ ֆեյսբուքում արած արտահայտությունը, որը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին սպառնացել էր հանել նրա աչքերը` ասելով «լակոտ, աչքերդ կհանեմ»:

«Ինչ ասես ֆեյսբուքում կարելի է հանդիպել,  ես  ծանոթ չեմ կոնկրետ` դա ինչպես է եղել, բայց Էթիկայի հանձնաժողովը կհասկանա` ինչ է, ըստ դրա էլ որոշում կկայացնի: Ֆեյսբուքում ամենավերջին հայհոյանքներն են ասում, երեւի Շուշան Պետրոսյանի ասածը ամենաանմեղ արտահայտությունն է, դա ինչ արտահայտություն է, որ սպառնալիք է, բայց երբ հանձնաժողովը քննարկի, էն ժամանակ էլ պարզ կդառնա` դա խախտում է, թե ոչ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ավետիսյանը պնդեց, որ ինքն անձամբ չի տեսել գրառումը, քանի որ Facebook սոցիալական ցանցում  գրանցված չէ. «Ես անհարմար եմ զգում, որ մտնեմ ֆեյսբուք, էստեղ ինչ ասես գրում են»:

Պատգամավորը համաձայն է այն կարծիքների հետ, որ պետք է պատգամավորները սոցիալական ցանցերում զսպվածություն ցուցաբերեն, որ չդառնան խոցելի, բայց նաեւ հավելում, որ պատգամավորն էլ մարդ է, ու ամեն ինչ հնարավոր է. «Համաձայն եմ, որ պատգամավորը ամեն ինչ պիտի անի, որ զուսպ լինի բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ կին պատգամավորը մարդ է եւ լինում է, որ ինքն էլ չի կարողանում իրեն զսպել»:

Նշենք, որ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերը Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը կիրակի օրը Արցախում զինվորի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:

Այս առնչությամբ հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Հայցը կքննարկվի առաջիկա օրերին: