Վայոց ձորի Վայք քաղաքում 2015-ի հոկտեմբերին 31-ամյա Լիանա Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավազակային հարձակման գործով առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 21-ին:
Չնայած նախաքննությունն արդեն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան, շատ հարցերի պատասխաններ դեռեւս անհայտ են:
«Դրդապատճառներն ինձ համար անհայտ են: Ամբողջ նախաքննության ընթացքում նա այն վիճակում չէր, որ հստակ պատասխաներ, թե ինչու է նման քայլի դիմել: Նույնիսկ ֆինանսական խնդիրներ ունենալն ինձ համար ապացուցված չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Նաիրի Բաղդասարյանը:
Մեղադրյալի փաստաբանը դեռեւս նախաքննության ընթացքում միջնորդել էր, որ նշանակվեր դատահոգեբանական փորձաքննություն, սակայն միջնորդությունը մերժվել էր: Դեռեւս հայտնի չէ՝ Բաղդասարյանը դատաքննության ընթացքում կրկին նմանատիպ միջնորդություն կներկայացնի, թե ոչ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վայքի բնակչուհի, 31-ամյա Լիանա Մանուկյանը հոկտեմբերի 7-ին ժամը 19:15-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել Զոյա Ավագյանի բնակարան եւ որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ, կատարել է ավազակություն: Այն է, որ Լիանա Մանուկյանը տեղյակ է եղել, որ համաքաղաքացի Զոյա Ավագյանն արժեքավոր ոսկյա զարդեր է ունեցել: Հոկտեմբերի 7-ին Լիանան իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, նախապես իրենց բնակարանից վերցնել կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ եւ իր հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով գնացել է Զոյա Ավագյանի բնակարան: Մուտքի մոտ արդեն Լիանան դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները եւ խոհանոցային դանակը ձեռքին թակել Զոյա Ավագյանի բնակարանի մուտքի դուռը: Երբ վերջինս բացել է դուռը, Լիանա Մանուկյանը Զոյա Ավագյանին հրել եւ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո ձեռքին գտնվող դանակով հարձակվել Զոյա Ավագյանի վրա, դանակը պահել նրա պարանոցի շրջանին, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Զոյա Ավագյանից պահանջել է հանձնել ոսկյա զարդեր:
Լիաննա Մանուկյանի հետագա գործողությունները խափանվել են Զոյա Ավագյանի օգնության կանչերի վրա եկած հարեւանների օգնությամբ:
Լիանա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայքում: Քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հարձակվողը երիտասարդ կին է եղել: NEWS.am-ի տեղեկություններով` 31-ամյա կինը դանակով զինված ու դիմակավորված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ, սպանության սպառնալիքների ներքո պահանջել գումար եւ ոսկյա զարդեր:




























