Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը նույնպես կկայանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նրանց փոխանցմամբ՝ ոչինչ չի փոխվել:

Սա նշանակում է, որ հունվարի 18-ին դատական նիստը կրկին կանցկացվի փոքր դահլիճում, որտեղ մի կերպ տեղավորվում են Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդները, մի քանի հարազատ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 18-ին կայացած առաջին դատական նիստից հետո փաստաբանները դահլիճի պայմանները որակեցին «անմարդկային»: Հիշեցնենք, որ այդ օրը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից եւ փաստաբաններից մի քանիսի համար նստարաններ չկային, դատավորը ստիպված ընդմիջեց նիստը՝ այս հարցը լուծելու համար: Նիստի ամբողջ ընթացքում նրանք դժգոհեցին պայմաններից, իսկ հետո էլ հարազատները հայտարարեցին, որ կբոյկոտեն նիստերը, եթե դրանք շարունակվեն անցկացվել ռազմաբազայի տարածքում:

Ի դեպ, լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես դժգոհ են տրամադրված պայմաններից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: