ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունվարի 15-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին հայ-եգիպտական հարաբերությունները թեւակոխել են զարգացման նոր փուլ եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ առկա համագործակցության մեծ ներուժն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել, ինչին կարող են զգալիորեն նպաստել բարձրաստիճան փոխայցերը, քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջկառավարական եւ միջխորհրդարանական ձեւաչափերով հաճախակի շփումներն ու փոխգործակցությունը:

Դեսպան Թարեք Մաաթին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա նշել է, որ հայ գործընկերների հետ արդեն իսկ քննարկումներ է ունեցել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը ընթացիկ տարում վերսկսելու հնարավորության շուրջ եւ հույս ունի, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում զգալիորեն կակտիվանան առեւտրատնտեսական կապերը: Դեսպանը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ՝ օրենսդիր մարմինների միջեւ եւս կապերը սերտացնելու, երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբեր հիմնելու առաջարկի հարցում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են Եգիպտոսի հայ համայնքի առանձնահատուկ դերը հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին պաշտոնավարման ամբողջ ընթացքում: