Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունվարի 15-ին, կհրապարակի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար մեղադրվող` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից, թիվ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանի գործով վճիռը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կալանավորված Զավեն Միրիջանյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն իր պաշտպանական ճառում դատարանին խնդրեց Զավեն Միրիջանյանին առաջադրված ՔՕ 149-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով` հանրորեն վտանգավոր արարք մեղադրանքով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան կամ տուգանք:
Ռաֆայել Ամիրխանյանը նշեց, որ դատարանը պետք է որպես Զավեն Միրիջանյանի պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի առնի այն, որ վերջինը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել է իր արարքի համար: Բացի այդ, Զավեն Միրիջանյանի խնամքի տակ է երեք երեխա, որոնցից երկուսը անչափահաս են: Պաշտպանի խոսքով, դատարանը պարտավոր է որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի առնել նաեւ Զավեն Միրիջանյանի առողջական խնդիրները. նա ունի վահանագեղձի ուռուցք, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ եւ այլ հիվանդություններ: Նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները նույնպես խրոնիկ հիվանդություններ ունեն, եւ նրանք վերջինի կալանավորումից հետո հայտնվել են անելանելի վիճակում:
Դատական նիստին ներկա էր նաեւ ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը դատարանին միջնորդություն էր ներկայացրել տվյալ քրեական գործով իրեն ճանաչել որպես տուժող: Սակայն դատարանը նրա միջնորդությունն առանց քննության թողեց` նշելով, որ այն ներկայացվել է ոչ ժամանակին, քանի որ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննությունը արագացված կարգով է ընթացել, եւ արդեն սկսվել է վիճաբանությունների փուլը։
ՀԱԿ անդամը որպես բողոքի դրսեւորում`դատական նիստի կեսից լքեց դատական նիստերի դահլիճը` դատարանին անվանելով «իշխանությունների կատարածու»:
Լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանը նշեց, որ քրեական գործում իրեն որպես տուժող ճանաչելու միջնորդությունն ուշ է ներկայացրել դատարան, քանի որ իրեն ժամանակին չի ծանուցվել, որ տվյալ քրեական գործով դատաքննությունն արդեն սկսվել է: Նա նշեց, որ ինքը որպես տուժող էր ուզում ճանաչվել միայն այն բանի համար, որ ոչ միայն Զավեն Միրիջանյանն արժանանար օրենքով սահմանված պատժի, այլեւ քանդվեր այն շղթան, որտեղից կաշառելու հրահանգը եկել էր:
Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ:
Նշենք, որ մեղադրող դատախազը ամբաստանյալ Զավեն Միրիջանյանի համար պահանջել է 3 տարվա ազատազարկում` պատժի պայմանական չկիրառմամբ։
Մեղադրական եզրակացության համաձայն, Զավեն Միրիջանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի քվեարկությանը նյութապես շահագրգռելով՝ Հայաստանի քաղաքացիների հանրաքվեի իրավունքի եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: Նա կալանավորված է։




























