Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար մեղադրվող` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից, թիվ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանն ազատ է արձակվել։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունվարի 15-ին, նրան մեղավոր ճանաչեց ՔՕ 149-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով եւ դատապարտեց 3 տարվա ազատազրկման` պատիժը պայմանականորեն չկիրառելով, սահմանելով երկու տարի ժամկետով փորձաշրջան: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանին որպես կաշառք առաջարկած 100 հազար դրամը Զավեն Միրիջանյանից բռնագանձվեց։
Դատարանը որոշեց Զավեն Միրիջանյանին պարտավորեցնել չփոխել մշտական բնակության վայրը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ մեղադրող դատախազը ամբաստանյալ Զավեն Միրիջանյանի համար պահանջել էր 3 տարվա ազատազարկում` պատժի պայմանական չկիրառմամբ։




























