Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն ամփոփեց 2015թ. իրականացված աշխատանքները եւ ներկայացրեց իրականացվող ծրագրերի ընթացքը:
Նա նշեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի 2015 թ. հոգաբարձուների խորհուրդը տարեվերջյան նիստի ընթացքում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի առաջարկը` ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը 5 մլն ՀՀ դրամից հասցնել մինչեւ 7 մլն դրամ:
Գեղամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 152,300,000 դրամ:
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական եւ ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6,000 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է 13,000-ից ավելի աջակցություն: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին»,-նշեց Պետրոսյանը:
ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին եւ խորհրդատվություններին մասնակցել են 403 սկսնակ գործարարներ: Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից ֆինանսական աջակցություն են ստացել եւ իրենց գործունեությունն են սկսել 176-ը: Ուսուցողական աջակցություն է ստացել 407 ձեռնարկատեր:
2014թ. հոկտեմբեր ամսից մեկնարկել է «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագիրը»: 2015թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված դրամագլխի հաշվին սուբսիդավորվել է 611 ՓՄՁ-ի հայտ:
«Անցած տարի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկրել եւ համայնքներին, ֆերմերներին եւ կազմակերպություններին վաճառել կամ լիզինգով է տրամադրել 26 միավոր գյուղտեխնիկա: Տեխնիկան շահառուներին է տրամադրվել շուկայականից շուրջ 30% ցածր գնով: Համայնքներին տրամադրված 4 «Նիվա-էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայնի արժեքի մի մասը կառավարության որոշմամբ սուբսիդավորվել է պետբյուջեի հաշվին»,-շեշտեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը:
Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում վերլուծվել են ՀՀ 35 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում 13 համայնքներում իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ իրականացվել է շուրջ 113 մլն ՀՀ դրամի ներդրում:
Տրամադրվել է 11857 տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն:
67 ՓՄՁ-ների չրագործության, ջերմոցային եւ սառնարանային տնտեսություններ գործարկելու ուղղություններով տրամադրվել է աջակցություն տեխնոլոգիական դասընթացների եւ անհատական խորհրդատվությունների միջոցով: 25 սկսնակ ՓՄՁ-ների չրանոցների, ջերմոցների եւ սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով սարքավորումների եւ նյութերի ձեւով տրամադրվել են դրամաշնորհներ:
«Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ ՄԱԶԾ ծրագիրը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ փախստականների աջակցության ծրագիրը, Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, ինչպես նաեւ մի շարք այլ ծրագրեր տեղական եւ միջազգային գործընկերների հետ: Ավարտվել է «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագրի առաջին փուլը»,-տեղեկացրեց Գեղամ Պետրոսյանը:
2015 թ. դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության եւ ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին ԵՄ Ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME" (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises Programme) ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Ծրագրին այս պահին մասնակցում են նաեւ Մոնտենեգրոն, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան, Թուրքիան, Ալբանիան եւ Սերբիան:
2014-2020թթ. Համար նախատեսված ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների եւ կանանց ձեռներեցության խթանման, ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն բոլոր անդամ երկրների համար 2,3 միլիարդ եվրո է:
Հայաստանի մասնակցությունը COSME ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում: Դա էականորեն կբարձրացնի Հայաստանում ՁԵՑ արդյունավետությունը:
2015թ. ավարտին ամփոփվեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրի առաջին փուլի արդյունքները, ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2016թ. նոր փուլի մեկնարկի համար: Դրական է գնահատվել նաեւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Հայաստանում երիտասարդների ձեռներեցության աջակցության ծրագրի առաջին փուլը: Մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլ նախաձեռնելու բանակցությունը:
Ընդլայնվել է նաեւ մյուս միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությունը, որի շնորհիվ կընդլայնվի ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը: Նոր ծրագրերի ընթացքի եւ ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրի արդյունքների մասին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտեղեկացնի պարբերաբար:




























