Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տնից կատարված գողության հետեւանքով մարզպետը խոշոր չափի նյութական վնաս է կրել: Ըստ shamshyan.com-ի՝ հափշտակել են 2 հատ ոսկյա Ֆրանկ Մյուլեր, 1 ոսկյա Ռոլեքս տեսակի օրիգինալ ձեռքի ոսկյա ժամացույցներ, կանացի ոսկյա վզնոցներ, ձեռքի ապարանջաններ, ոսկյա, արծաթյա զարդեր, 2 iPhone տեսակի բջջային հեռախոս, 200 հազար ռուսական ռուբլի, 30 հազար եվրո, մոտ 55 հազար ԱՄՆ դոլար և այլ թանկարժեք իրեր՝ մոտ 200 հազար դոլար ընդհանւոր արժողությամբ:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությունը կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:




























