Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 50–ամյա Ռազմիկ Ավետիսյանի պաշտպանը դժգոհ է դատաբժշկական փորձաքննության եզրակացության այն դրվագից, որում նշվում, է թե իր պաշտպանյալին կտրականապես արգելվում է մեքենա վարել, քանի որ վերջինը տառապում է էպիլեպսիայով:
«Ինձ հետաքրքիր է` փորձագետները որտեղից են վերցրել կտրականապես բառը, կա՞ որեւէ իրավական ակտ, որով արգելվում է էպիլեպսիկներին մեքենա վարել, թե՞ դա իրենց ենթադրությունն է»,- այսօր` հունվարի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց պաշտպանը`միջնորդելով դատարան հրավիրել փորձագետ Հարությունյանին իրեն հուզող հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:
Պաշտպան Լուսնթագ Բադալյանի խոսքով`իր համար անտրամաբանական է այն հանգամանքը, որ փորձաքննության եզրակացություն մեջ նշվում է` սրտի իշեմիկ հիվանդությունը, որով եւս իր պաշտպանյալը տառապում է, չի զրկում նրան վարորդական իրավունքից, իսկ էպիլեպսիա հիվանդության դեպքում իր պաշտպանյալին կտրականապես արգելվում է ղեկին նստելը:
Մեղադրող Ա. Չախոյանը պարզաբանեց, որ փորձաքննության եզրակացության մեջ հստակ նշված է, որ սրտային հիվանդությունների նոպաների ժամանակ հիվանդները հիմնականում կարող են կանխազգալ ինքնազգացողության վատթարացումը եւ նախազգուշական միջոցներ ձեռնարկել, մինչդեռ էպինոպայի ժամանակ անձը զրկված է լինում գիտակցելու հնարավորությունից եւ ակնթարթորեն գիտակցության կորուստ է ունենում` զրկված լինելով որեւէ կանխարգելիչ միջոց ձեռնարկելու հնարավորությունից:
Մեղադրողը դատարանի հայեցողությանը թողեց պատասխանող կողմի`փորձագետ Հարությունյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, կամ չբավարարելու որոշումը, մինչդեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջեց այն մերժել` պատճառաբանելով, թե հիմնավոր չէ:
Այսպիսով` դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց Լուսնթագ Բադալյանի միջնորդությունը` որոշում կայացնելով դատարան հրավիրել փորձագետին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռ.Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նշենք, որ Ռազմիկ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել:




























