Հասարակությանը թյուրիմացության մեջ են փորձում գցել՝ հայտարարելով, թե քաղաքապետարանը թույլտվություն է տվել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: 

«Մենք տվել ենք էստակադան ապամոնտաժելու թույլտվություն, ոչ թե հին մասնաշենքի: Նախնական քննարկումների ժամանակ բոլոր կողմերն էլ եկել են համաձայնության, որ էստակադան պետք է ապամոնտաժվի՝ հաշվի առնելով մասնագիտական եզրակացությունը, որ վերականգնման ենթակա չէ»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Անատիտ Թարխանյանը հայտարարություն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետարանը 2015թ. դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պարզաբանել է, որ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի եւ հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման եւ հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում: