ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը պնդում է, որ կապ չունի Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին երեք մարդու սպանության հետ: NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Քոչարյանն ասաց, որ քաղաքական կոնտեքստ է տեսնում սպանված Գալստյան  եղբայրների հոր առաջ քաշած այն վարկածում, որ սպանությանը մասնակցել է նաեւ ինքը եւ իր ազգական, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը, եւ որ իրենք ցանկացել են գնել Գալստյաններին պատկանող անտառային տարածքը:

«Իրականությանը չի համապատասխանում, ես հող չեմ ուզել գնել իրենցից, իսկ սպանված եղբայրների՝ Վարդանի եւ Վահեի հետ մտերիմ ենք եղել: Վահիկը իմ եղբոր մանկության ընկերն է եղել»,- ասաց պատգամավորը:

Մխիթար Հարությունյանը, որը սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի քեռին է, մեզ հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ նման ինֆորմացիա տարածելով փորձում են իրենց վարկաբեկել: Այնուամենայնիվ, նա բնական է համարում սպանված եղբայրների հոր` Ֆրունզ Գալստյանի նման հայտարարությունը` հաշվի առնելով նրա ծանր հոգեվիճակը։

«Իր մոտ այնպիսի վիճակ է, որ ցանկացածի ասածը կարող է հիմք ընդունել:  Մենք ինչ-որ տեղ քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ ենք, կարող են մարդիկ լինել, ում մեր հեղինակությունը ձեռնատու չլինի: Այնուամենայնիվ, ինչ ասի, մենք սուսուփուս կտանենք»,- ասաց նա:

Մխիթար Հարությունյանը նշեց, որ ինքը պատրաստ է հանդիպելու Ֆրունզ Գալստյանի հետ` իր ցավակցությունը հայտնելու, պարզապես դրա համար որոշ ժամանակ պետք է անցնի։

Հիշեցնենք, որ Ֆրունզ Գալստյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը վարկած ունի, որ սպանությա համար մեղադրվող Հայրապետ Սեփոյանը միայնակ չի գործել, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը եւ նրա ազգական, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը մասնակցել են սպանությանը, դրդապատճառը եղել է այն, որ Դավիթ Քոչարյանը ցանկացել է գնել իր սեփականությունը հանդիսացող տարածքը, որն ինքը չի ցանկացել վաճառել:

Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը:

Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:

Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):