Հազիվ թե Ադրբեջանում լուրջ անկայունություն լինի, այդ պատճառով հարկ չի լինի հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղի հարցի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա խոսքով, ցույցերն Ադրբեջանում որեւէ լուրջ զարգացում չեն ունենա: «Իլհամ Ալիեւի ռեժիմը բավական արդյունավետ վերահսկում է իրավիճակը, այդ պատճառով, համենայն դեպս, հիմա սկզբունքային որեւէ փոփոխություն չի լինի»,- նշեց Խրամչիխինը:

Հարցին, կարո՞ղ է, արդյոք, այժմյան ներքաղաքական իրավիճակը հանգեցնել ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի կողմից արկածախնդրային որեւէ քայլի, քաղաքագետը պատասխանեց. «Քանի որ այդ ցույցերը հազիվ թե լուրջ սպառնալիք են Ալիեւի ռեժիմի համար, կարծում եմ, դրանք որեւէ կերպ չեն ազդի Ղարաբաղի իրավիճակի վրա»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ից Ադրբեջանի Լենքորանի, Ֆիզուլիի, Սիյազանի, Աղջաբեդի եւ Աղսուինի շրջանների բնակիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում շրջանային գործադիր իշխանությունների շենքերի առջեւ՝ բողոքելով թանկացումների, գործազրկության, կրիմինալի եւ առձեռն ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի վաճառքի արգելքի դեմ: Ուժային կառույցների գործողությունների արդյունքում ցուցարարներին ցրել են, բողոքի ակցիաների 55 մասնակիցներ՝ 18-45 տարեկան, ձերբակալվել են: Նրանց մեծ մասը գործազուրկ են: