Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունվարի 15-ի երեկոյան այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Կյուրեղյանին: NEWS.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Կյուրեղյանին 2 օր առաջ հնարավորություն էր տրվել նույն խցում միասին լինելու, քանի որ նրանք որոշ խնդիրներ են ունեցել իրենց խցակիցների հետ, նրանց մենախցում լինելու պահանջը մինչեւ հունվարի 14-ը բավարարված է եղել, սակայն նրանց կրկին տեղափոխել են փոքր խուց՝ 7 դատապարտյալների հետ:
«Նրանք երբեւէ դատապարտված չեն եղել, քաղաքական հայացքների համար գտնվում են բանտում եւ նրանց տեղավորել էին շատ փոքր խցում, որտեղ կան մի քանի անգամ դատապարտված անձինք , որոնք ժամանակին ճնշումներ են գործադրել նրանց վրա: Մենախցում լինելու պահանջը մինչեւ երկու օր առաջ բավարարված էր, բայց այն փոխվել է, այժմ Հայկին 5 հացադուլավորների խուց են տեղափոխել, որը շատ փոքր է եւ գերծանրաբեռնված է, իսկ Գեւորգին՝ առանձին խուց, որտեղ նա մենակ է եւ խուցն ավելի մեծ է»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով, Գեւորգն ու Հայկը պահանջում են իրենց երկուսին տեղափոխել փոքր խուց, իսկ մյուս 5 հացադուլավոր դատապարտյալները պահանջում են իրենց տեղափոպխել Գեւորգի խուց, որն ավելի մեծ է եւ հարմար:
«Փորձել են խառնել, անտանելի պայմաններ ստեղծել դատապարտյալների համար, որ խնդիրներ ունենան իրար հետ: Փոքր խցում տեղավորել են 7 մարդու եւ նրանք անտանելի պայմաններում են: Չգիտեմ լուծում տրվելու է, թե ոչ, բայց կալանվորների իրավունքները խախտված են»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:




























