Քանդել Զվարթնոց օդնավակայանը, նշանակում է վերացնել հայ ժողովրդի պատմության մի էջը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողներին ասաց Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Սպիտակի երկրաշարժի ժամանակ օդանավակայանը մարդասիրական սիմվոլ էր վերածվել: Այն աշխարհը կապում էր Հայաստանի հետ: Քանդել այդ շենքը, նշանակում է՝ վերացնել պատմությունը այն օրերի, երբ ամբողջ աշխարհը մեզ ձեռք մեկնեց»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ նշելով, որ շենքը կարող էր ծառայել որպես համաշխարհային օժանդակության թանգարան:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ հայտնի չեն իրավական հիմքերը՝ ինչ պայմանագիր է եղել, ինչ պարտավորություններ են վերցրել կողմերն իրենց վրա:
Նշենք, որ քաղաքապետարանը պնդում է, որ թույլտվություն է տրվել օդանավակայանի հին շենքի էստակադան քանդելու, ինչի վերաբերյալ քննարկումներ են եղել, բոլոր կողմերը համաձայն են եղել:
Ճարտարապետները պնդում են, որ դեմ են շենքի ամեն տեսակի ապամոնտաժման, շենքը մշակութային արժեք է ներկայացնում: Օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր մտահոգության շուրջ հայտարարություն էր տարածել: Նա նշել է, որ իր համար անակնկալ է եղել քաղաքապետի որոշումը, ինքը դեմ է շենքի ամեն տեսակի՝ թեկուզ մասնակի ապամոնտաժման:




























