Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում տագնապ էր հարուցում, իսկ օմբուդսմենի հրաժարականն այն բերեց աղետալի վիճակի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին հայտարարեց իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:
«Օմբուդսմենը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ պետք է իր գնահատականը տար զեկույցի տեսքով մարդու ընտրական իրավունքների եւ մեր շարժման ակտիվիստների նկատմամաբ ոտնձգությունների վերաբերյալ, սակայն իշխանությունների եւ ճնշումների ներքո հրաժարական տվեց: Օմբուդսեմնն իր հրաժարականով ցույց տվեց, որ չի կարող ներկայի ռեժիմի օրոք պաշտպանել մարդու իրավունքները»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անունից Հմայակ Հովհաննիսյանը պահանջ-վերջնագիր ներկայացրեց իշխանություններին, շարժման անդամ դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակից ձերբակալված, ապա կալանավորված Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը քննարկելու եւ լուծելու համար:
«Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում Հայաստանում մարու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խայտառակ զեկույց է ներկայացվելու,մինչ այդ իշխանությւոններից պահանջում ենք ազատ արձակել մեր շարժման խոսնակին՝ Գավռուշին, որն անվախ իրերն իր անունով էր կոչում եւ դնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, ինչի համար էլ կալանավորվել է, եթե նրան ազատ չարձակեն, ապա մենք կդիմենք Եվրոպայի օմբուդսմենին: Միակ բանը որ կարող է մեզ հետ պահել դրանից, Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելն է»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:




























