2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված եւ դիմակավորված անձը մուտք է գործել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկը, հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր եւ գումար:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ անձն իր հետ բերված 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետեւանքով երեք անձինք ստացել են հրազենային վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված անձին։
Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ստիպված խփեցի դանակով. նոր մանրամասներ «Շանթի Յուրայի» տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակումից




























