Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնապես հաստատում է, որ Մեգրելիա-Վերին Սվանեթի շրջանային դատախազ Վախթանգ Կիրիայի սպանության մեջ մեղադրվում է Բիձինա Կուչավան, որն իր հերթին ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնել է գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թեա Փերթայան, բնակարանը, որում հայտնաբերվել էր Կիրիայի դիակը, վարձակալել էր Բիձինա Կուչավան։ Քննության տեղեկություններով՝ Կիրիայի մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Ինչ վերաբերում է Կուչավային, ապա ՆԳՆ տեղեկություններով, նա ինքնասպան է եղել ոստիկանության կողմից հետապնդվելիս։
Միաժամանակ ՆԳՆ-ից հայտնել են, որ Վախթանգ Կիրիան եւ Բիձինա Կուչավան մտերիմ ազգակցական կապ են ունեցել, եւ սպանությունը կապ չունի դատախազի ծառայողական դիրքի հետ։ Քննությունն ընթանում է կանխամտածված սպանության հոդվածով։




























