Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի համարձակվի գնալ լայնամասշտաբ պատերազմի Ղարաբաղում, նրա համար ռիսկերը մեծ են, քանի որ նա մենակ է մնացել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա կարծիքով, մեծ է վտանգը, որ պատերազմը կընթանա նրա համար անցանկալի հունով: «Ցավոք, լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվի, կլինեն զոհեր, բայց լայնամասշտաբ պատերազմ ես չեմ կանխատեսում»,-ընդգծել է Պապյանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Ալիեւի վարքի մեջ որեւէ փոփոխություն կլինի:
Հարցին, թե կարո՞ղ է նավթի գների անկումը ազդել Ադրբեջանի նկատմամբ գերտերությունների դիրքորոշումների վրա, Պապյանը պատասխանել է. «Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքն արդեն փոխվել է: Նավթային դարաշրջանն արդեն ավարտվել է, տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունեցել, եւ դա անհնար է անտեսել: Ադրբեջանի համար անհնար է լավ ապագա կանխատեսել»:



























