Թեեւ Սահմանադրության փոփոխությամբ ամբողջությամբ անցում կատարվեց  համամասնական ընտրակարգին, սակայն ընդդիմադիրների շրջանում մտահոգություն կա, որ նոր Ընտրական օրենսգրքով իշխանությունը այն հարմարեցնելու է իր շահերին այնպես, որ կգործեն մեծամասնական ընտրակարգի մեծանիզմները։ Սահմանադրական փոփոխությունների ջատագովները վստահեցնում են, որ այդ մտահոգությունը անհիմն է, քանի որ այս պահին քննարկվող տարբերակները բավականին բարդություններ են առաջացնելու իշխանության համար։ Քննարկվում է համամասնական ընտրացուցուցակի ռեյտինգային մոդելի նոր տարբերակ։ Մանրամասները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

Պարոն Մինասյան,  համամասնական ընտրակարգի վերջնական տարբերակը դեռ հայտնի չէ, վաղուց խոսվում է ռեյտինգային մոդելի տարբերակների մասին։ Այս պահին ո՞ր տարբերակի վրա է շեշտը դրվել։  

Համամասնականության առաջին մակարդակը չի կարող փոփոխության ենթարկվել անկախ նրանից ռեյտինգային մոդելը ներդրվում է, թե ոչ։ Համամասնականությունը նշանակում է երկրի տարածքով մեկ առաջին քվեարկությունը կուսակցության։  Դրանից հետո գալիս ենք երկրորդ մակարդակին՝ ովքեր կարող են ներկայացվել խորհրդրանում։

Միջազգային փորձը հետեւյալն է ասում՝ գոյություն ունի փակ ցուցակներ, երբ ընտրողը չի կարող ազդել այն դասավորվածության վրա, որը կուսակցությունը հաստատել եւ հրապարակել է։  Այս դեպքում ասում է՝ իմ պատգամավորների ցանկը սա է, իրենք են լինելու խորհրդարանում։ Կան բաց ցուցակներ, երբ կուսակցությունը հաստատում է, ասում է՝ սա իմ ցուցակն է, բայց ընտրող, ինքդ կարող ես վերադասավորումներ անել։ Այսինքն՝ սահմանափակված չես, ինքդ կարող ես վերադասավորում իրականացնել՝ քվեարկելով քո նախընտրած պատգամավորի օգտին։  Եւ  կա միջանկյալ տարբերակը՝ կիսափակ կամ կիսաբաց ցուցակների գաղափարը։

Ձեր թվարկածներից ո՞ր տարբերակի ներդրումն է ավելի հավանական համարվում։

Մենք գտնում ենք, որ ինչպես փակ, այնպես էլ լիարժեք բաց ցուցակների  գաղափարը կարող է բերել նրան, որ հայտնի շատ պատգամավորներ, որոնց մենք անընդհատ քննադատում ենք՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավորներ, կհայտնվեն արտոնյալ վիճակում։ Դրա համար մենք կողմնակից ենք կիսափակ ցուցակներին, հետեւյալ մոտեցմամբ․ եթե կուսակցությունները հրապարակում են ամբողջ պատգամավորների թեկնածուների ցանկը, բայց յուրաքանչյուր ընտրատարածքում կարող է ներկայացնել իր կուսակիցների ցանկը պայմանով, որ էդ ցանկը, որ ներկայացած է ընտրատարածքում, լինեն մեծ ցանկում եւ այդ թիվը  չպետք է լինի շատ մեծ, որպեսզի փոքր եւ միջին կուսակցություններն էլ ունենան թեկնածուների քանակի առումով հավասար հնարավորություններ։

Կիսափակն  այն է, որ ընտարատարածքներից մի մասում կարող ենք ներկայացնել պատգամավորության թեկնածուների ցանկ, մի մասում՝ ոչ։ Մի դեպքում ընտրողը գալով տեղամաս՝ քվեարկում է նախ կուսակցության, ապա դրանից հետո կարող է ազդել որեւէ անձի ընտրության վրա եւ ընտրել նաեւ ռեյտինգային ցուցակի թեկնածուներից մեկին։ Մի դեպքում էլ, մենք կարող ենք այլ տարածքում չներկայացնել որեւէ ցանկ, ընտրողին ասելով,որ քո տարածքում ցանկը փակ է, այսինքն՝ այդտեղ միայն կուսակցությունն է եւ ընտրելով կուսակցությանը՝ ընտրում ես մեծ ցանկին։ Այսինքն՝ ռեյտինգային ցուցակները չլինեն բոլոր ընտրատեղամասերում։

Ինչո՞ւ չլինեն, ստացվում է՝ որ  ընտրատարածքում որ ունեք քվե բերող թեկնածու,  այնտեղ կլինի, որտեղ չունեք՝ չներկայացնե՞ք ցուցակ։

Այո, բայց եթե ես ունեմ կուսակցական ընկեր, որը որ հեղինակություն է տվյալ տարածքում եւ վստահ է, որ իր անձով կարող է քվեներ բերել, այդ դեպքում նա կարող է այդ ընտրատարածքում հավաքել որոշակի ձայներ խորհրդրան մտնելու համար։Իսկ ինչպես են այդ անձինք հայտնվելու պառլամենտում։ Ըստ այն մոտեցման, որ հիմա քննարկում ենք, որը դեռ վերջնական չէ, բայց էությունը հետեւյալն է․ ենթադրենք Դաշնակցությւոնը 101-ից նվաճել է 40-ը, հիմա 40-ից 20-ը հատկացնում է  կուսակցության մեծ ցանկի առաջինից 20 համարներին, մյուս 20 տեղը բաժանվում է ընտատարածքների միջեւ։ Եթե օրինակ 10 ընտրատարածքից ամենաշատ ձայներ տվածը 1-3 ընտրատարածներն են, 20 տեղը բաժանվում է առաջին երեքի միջեւ՝ մեծից փոքր սկզբունքով, հետո որոշվում է՝ ովքեր են դառնալու պատգամավորներ։ Այն տարածքում, որտեղ  թեկնածուների ցուցակ չենք առաջադրել, ու այդտեղ նվաճել է երկու տեղ կուսակցությունը, ապա մեծ ցանկին է բաժին հասնում։

Այսպիսով, կարծես նմանվում է մեծամասնական մոդելին։ Այսինքն, նույն թեկնածուն, որը նախկինում հայտնի գործիքներով կարողացել է մեծ քանակով ձայներ ապահովել իր ու իր կուսակցության համար,   հիմա նույն տարածքում ռեյտինգային ցուցակը գլխավորելով՝ հավաքելու է այնքան քվե իր եւ կուսակցության օգտին, ինչպես նախկինում։  Օրինակ Մալաթիա-Սեբաստիա համայնքում այդ ռոյտինգային ցուցակը կգլխավորի Սամվել Ալեքսանյանը եւ  նախկին լծակներով ու գործիքներով կհավաքի եւ իր ու կուսակցության համար այնքան քվե, որքան նախկինում։

Հիմա ներքին պայքար է սկսվում թեկնածուների միջեւ եւ  ընտրոնղերը գնալու են այդ տարածքից ընտրեն կամ Ալեքսանյանին կամ  մյուս թեկնածուին։ Այսինքն, ցուցակում նույն կուսակցությունից մի քանիսն են եւ նրանք ստիպված են իրար դեմ աշխատելով՝ այնքան ձայն կորզել, որ կարողանան մտնել խորհրդարան։ Շատ սկզբունքային մի հարց կա, որ երբեք չէի ուզենա բարձրաձայնել, բայց հիմա ստիպված եմ ասում դրա մասին, քանի որ շատերը չեն հասկանում պրոցեսը որքան  բարդ է նույն իշխանության համար։

Մալաթիայի-Սեբաստիայի օրինակը, եթե հինգ հոգանոց ցանկ է ձեւավորվում, առավելագույնը ստանալու համար, նա անպայման դուրս է մղում այդ տարածքում այլ հանրապետականի, որը կարող է ավելի մեծ ռեսուրս է ծախսել, բայց չի կարողացել նվաճել տեղեր պառլամենտի համար։  Մրցակցությունը միմյանց միջեւ է տեղի ունենում եւ հետեւաբար մի ընտրատարածքում առաջադրված հանրապետաանները ոչ միայն այլ կուսակիցների հետ, այլ նաեւ իրար մեջ են մրցելու, որպեսզի իրենք լինեն առաջինը մտնեն խորհրդարան։ էս համակարգը հակառակն է խթանում՝ մի օլիգարխը պետք է աշխատի սահմանափակել մյուս օլիգարխին, որպեսզի շատ ձայն չվերցնի։  Սա սկզբունքային հարց է։

Պարոն Մինասյան ընտրատարածքների քանակից եւս շատ բան է կախված։ Այժմ 41-ն է, նոր օրենսգրքով քանի՞սն է նախատեսված։

Ցանկալի է, որ ընտրատարածքների թիվը չգերազանցի 10-ը։ Յուրաքաչնյուր կուսակցություն տասը կուսակցական լիդեր ունենա, որ կարողանա այդ ընտրատարածքներում ներկայացվող ռոյտինգային ցուցակները առաջնորդելու համար լիդեր ունենա։ Օրինակ, մենք հակված ենք, որ լինի 13 ընտրատարածք։ Մենք գտնում ենք, որ առնվազն երեք անգամ պիտի կրճատվեն այսօրվա ընտրատարածքների քանակը։ 41-ից  դառնան 13-ը, ոչ ավել։

Այդպիսով, կնվազի ընտրական տարածքներում նախկին մեծամասնական պատգամավորների ազդեցությո՞ւնը։

Այո, մեր ընտրատարածքներում ընտրողների թիվը 56-60 հազար է։ Եթե մեր ասած մոտեցումով ենք գնում, որ առնվազն երեք անգամ կրճատվի, կլինի 180-200 հազար ընտրող մի ընտատարածքում։ Պատկերացրեք՝ պատգամավորի ազդեցությունը ավելի է փոքրանում եւ նրանք արդեն միմյանց դեմ են պայքարելու։