Զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով իր աջ ձեռքին կրակած շարքային 22-ամյա Արմեն Գրիգորյանին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման` պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ` սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ստացել է 60 հատ փամփուշտ, որոնցից յուրացրել է մեկ հատ ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի փամփուշտ: Ժամը 13-ի սահմանում, երբ տագնապի դադար է տրվել և անձնակազմը վերադարձել է գումարտակ, Արմեն Գրիգորյանը չի հանձնել յուրացրած մեկ հատ փամփուշտը, այլ հետագայում լիցքավորելով իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի, հմ. НИ-6750 ինքնաձիգը, իրենց գումարտակի զորանոցի հետնամասում, ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով իր առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել է իր աջ ձեռքի դաստակի շրջանին, որից հետո ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2014թ. դեկտեմբերի 16-ի թիվ 3412 որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի 410-13 հրամանի 41Ա հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար խաղաղ ժամանակ և ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1523 հրամանով վաղաժամկետ ազատվել է հետագա զինվորական ծառայությունից և արձակվել պահեստազոր:




























