Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցներից վիրավորված՝ Տարոնիկի գյուղապետ  35-ամյա Արմեն Խլղաթյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

 Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում:

Արմեն Խլղաթյանը վնասվածք էր ստացել ձախ ազդրի շրջանում:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում հնչած կրակոցներից մահացել էր Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանը:

Նախնական քննության տվյալներով`  Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի` 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։  Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):

Ս.Թովմասյանը, Ա.Բաբայանը հետախուզման մեջ են: Խ.Խաչիկյանը եւ Ա.Պառավյանը ներկայացել են ոստիկանություն: Ա.Պառավյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դ.Հասրաթյանը եւ Գ.Գրիգորյանը, ովքեր ցուցմունք են տվել, որ դեպքի օրն իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետեւանքով ստացել են կոտրվածքներ։ Դ.Հասրաթյանի եւ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: