«Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված եւ 18 օր կոմայի մեջ մնալոց հետո մահացած 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի մայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է «Արմավիր» բժշկական կենտրոնի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին: NEWS.am-ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, պատմեց, որ 2015թ. հունիսի 16-ին Էրիկին Արմավիրի Նորապատ գյուղից բարձր ջերմությամբ տարել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժշկուհին՝ Անահիտ Պետրոսյանը, երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո, ըստ Լուսինե Ամիրխանյանի, 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:
«Երեխաս առողջ էր, իր ոտքով եկավ հիվանդանոց տարանք, ընդամենը մի քիչ ջերմություն ուներ: Բժշկուհին «Անալգին», «Դիմետրոլ» սրսկեց, հետո սիստեմա միացրեց ու միանգամից անջատեց երեխուս: Գոռացի` երեխես, արի փրկի, եկավ, տեսավ, որ անջատվել է երեխես: Փորձաքննությամբ արդեն պարզվել է, որ երեխաս առողջ է եղել, կյանքում էլ ոչ մի հիվանդություն չի ունեցել ու սիստեմայից է երեխաս անջատվել»,- ասաց Լուսինե Ամիրխանյանը:
5-ամյա Էրիկին «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ 18 օր կոմայի մեջ մնալուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Նշենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նույն բժիշկը նույն մեղարանքով անցնում է նաեւ մեկ այլ` ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան գործով։ Երկու գործերով էլ դատաքննությունն սկսվել է։ Բժշկուհին իր մեղավորությունը չի ընդունում։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ:




























