Վանաձորում 2 տարի առաջ հոկտեմբերին սպանված 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է:

NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ հունվարի 18-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ մեղադրող կողմը չէր ներկայացել:

«Նիստի ժամանակ դատախազները մեղադրական ճառով պետք է հանդես գային: Սակայն նիստից ընդամենը 10 րոպե առաջ դատարանին գրություն է ուղարկվել, որ դատախազներից երկուսը տառապում են սուր շնչառական վարակներով, իսկ մեկն էլ ծանրաբեռնված է եւ նիստին չի կարող ներկայանալ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին: Դատաքննությունն ավարտվել է դեկտեմբերի 26-ին: Սպասվում էր, որ դեկտեմբերի 28-ին մեղադրող կողմը ճառով հանդես կգա, սակայն նիստը հետաձգվել էր:

Նշենք, որ մահացած պատանու հարազատները չեն հավատում, որ սպանությունը կատարել է գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը: Կունգուրցեւն էլ է պնդում, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: