Ընդդիմությունը պահանջում է Ընտրական նոր օրենսգրքով հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները, որպեսզի այդ պահանջը իշխանությունը չկատարի ու իրենք իշխանությանը քննադատելու առիթ  ունենան։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես ձեւակերպեց ՀԱԿ-ի այդ առաջարկի ենթատեքստը:

«Ես համոզված եմ, որ այդպիսի առաջարկություն անողների նպատակն այն է, որ հետո դա չընդունվի, առիթ ունենան քննադատելու։ Դրա ավելի զարգացած ու ցիվիլ, վերահսկողության ավելի լավ պայմաններով տարբերակներ կան, որոնք կներկայացնենք, հիմա քննարկվում են»,-ասաց  նա՝ հրաժարվելով առայժմ մանրամասներ ներկայացնել։

Անդրադառնալով համամասնական ընտրակարգի ռեյտինգային ցուցակի մոդելին, Վահրամ Բաղդասարայննա ասաց. «Եթե նախկինում մի ընտրատարածքից մի թեկնածու էր առաջադրվում, ապա  հիմա թեկնածուները մի քանի միավորված տարածքից են լինելու, այսինքն՝ հեղինակության մասը կրճատվում է, եթե տարածքը մեծացնում ես: Այսինքն՝ նույն անձնավորությունը քվեարկելու է մեծացված տեղամասում»։

Դիտարկմանը, թե եթե  խորհրդարանական կառավարման համակարգի համար  խնդիր է դրված կայացնել կուսակցական համակարգը, այդ դեպքում ինչու են ռեյտինգային մոդելը ներդնում, ինչը, ըստ ընդդիմախոսների, ընտրակարգն ավելի մոտեցնելու է մեծամասնական տարբերակին, Բաղդասարյանն արձագանքեց. «Երկու ցուցակ է լինելու, մեկն ընդհանուր կուսակցության, մյուսը՝ մի քանի թեկնածուի: Դա էլ է կայացնելու կուսակցական համակարգը, ամեն դեպքում  դա առաջարկություն է, դեռ քննարկվելու է»։ 

Հիշեցնենք, որ քննարկվում է կուսակցական ցուցակից բացի ներդնել տվյալ կուսակցության մի քանի թեկնածուի ռեյտինգային ցուցակ ընտրատարածքներում, ինչը մրցակցություն կառաջացնի թեկնածուների միջեւ շատ քվեներ հավաքելու, քանի որ քվեներից է կախված լինելու իրենց պատգամավոր դառնալը։

Ընդ որում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ  հարցազրույցում հայտարարել է, որ քննարկվում է կոնկրետ կիսափակ ռեյտինգային ցուցակի տարբերակը, ինչը նշանակում է, որ  այն ընտրատարածքներում, որտեղ  կուսակցությունները չունեն մրցակցային թեկնածուներ, որոնք կարող են շատ քվե բերել, կարող են  չներկայացնել թեկնածուների ռեյտինգային ցուցակը։