ԱՊՀ երկրները ակտիվացնում են ահաբեկչական սպառնալիքին հակազդելու ջանքերը։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։
«Առաջին տեղում է ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համատեղ ջանքերի հարցը։ Միջազգային ահաբեկչության սպառնալիքը ցավոք պահպանվում է, եւ այն ակնհայտ դրսեւորումներ է ստանում»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեբեդեւի խոսքով՝ ամեն օր Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Եվրոպայում ահաբեկչական ակտեր են իրականացվում, որոնք մարդկային կյանքեր են խլում։ «Վստահ եմ, որ դա հաստատում են ԱՊՀ երկրների կոնկրետ հայտարարություններն այն մասին, որ ուժեղացվելու են համատեղ ջանքերը ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար»,- հավելել է նա։
Լեբեդեւը նշել է, որ ԱՊՀ շրջանակներում այս տարի մի շարք հանդիպումներ են պլանավորված ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Արդեն հունվարի 20-ին Գործկոմում փորձագետները կսկսեն ԱՊՀ պետությունների համագործակցության ծրագրի նախագծերի համաձայնեցումը՝ ահաբեկչության եւ 2017-2019թթ. ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի նպատակով։




























