Ճանապարհային տուգանքների վճարման վերաբերյալ տաքսիստների պահանջները սկսել են գալ տաքսի ծառայությունների անունով։ Նման պահանջներն  հակաօրինական են, եւ Հայաստանի տաքսի ծառայությունների միությունը կոչ է անում վիճարկել դրանք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Միության նախագահ Վահագն Սահակյանը։

«Խախտումն անում է ոչ թե մեքենան, այլ վարորդը։ Եվ տուգանքը պատժի միջոց է, այլ ոչ թե վնասի փոխհատուցում։ Ինչպե՞ս կարելի է մեկի փոխարեն պատժել մեկ ուրիշ մարդու։ Իսկ ենթադրենք, որ ոչ թե տուգանք է, այլ վարորդական իրավունքի զրկում է կամ բանտարկություն, ինչը որ վերջին ժամանակներս արդեն Ռուսաստանում կիրառվում է։ Ենթադրենք, որ մեզ մոտ էլ է հայտնվում։ Այդ դեպքում ինձ պետք է իմ վարորդի փոխարեն բա՞նտ նստեցնեն»,- հարցադրում է արել Սահակյանը։

Այլ բան է, երբ տաքսի ծառայության մեքենան վնասել է պետական գույքը, օրինակ, բախվել է նախարարության կամ քաղաքապետարանի ցանկապատին։ «Եթե քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը չի փակում բոլոր ծախսերը, ապա տնօրենը պատասխանում է ծառայության եւ անգամ անձնական ունեցվածքով։ Բայց այս դեպքը սկզբունքորեն ուրիշ է»,- ընդգծել է միության նախագահը։

«Բանը հասել է նրան, որ տուգանքները գանձում է ԴԱՀԿ-ն, թեպետ ոչ մի դատ էլ չի անցկացվում։ Ամեն բան որոշում են իրենք»,- հավելել է Սահակյանը։

Նման գանձումները հարյուրից ավելի են, եւ Միությունը կոչ է անում չվճարել։ Այդուհանդերձ ստիպված ենք ընդունել, որ կատարածուները բառերով չեն սահմանափակվում, այլ կարող են արգելափակել բանկային հաշիվները եւ սառեցնել այն։

«Ակամա մտածում ես, որ այդ գումարները պոկելով՝ պաշտոնյաները ոչ այնքան մտածում են պետության շահերի, որքան սեփական շահերի մասին», եզրափակել է նա։