Երեւանում հունվարի 6-ին 16-ամյա Խաչիկ Ղազանչյանին, ըստ ծնողների, դանակի 14 հարված է հասցրել 18-ամյա Սուրեն Մուրադյանը, որը նրա մտերիմ ընկերն է: Խաչիկ Ղազանչյանի մայրը`Մանյա Քալաշյանը NEWS.am-ին պատմեց, որ իր որդին ու Սուրենը 10 տարեկանից ընկերություն են արել:
«Գնացել-եկել ա մեր տուն, մոտ են եղել, անգամ ուտելիք են առել, պատրաստել են, միասին կերել են: Ես իր մամային էլ եմ ճանաչում, վատը չի, ինքն էլ նորմալ երեխա ա եղել: Մենակ թե շատ քչախոս էր, լուրջ տպավորություն ա թողել միշտ»,- ասաց դանակահարվածի մայրը:
Հարազատները պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին:
«Այդ երրորդ տղան պատմել ա, որ երեքով գնալիս են եղել, գարաժների մոտ Սուրենը գոռացել ա` Խաչիկ ու հասել երեխու վրա: Ասել ա` մինչեւ գլխի ընկա, որ խփում ա, ես իրան բրթեցի, գցեցի, հելավ ու ընկավ իմ հետեւից: Ես էլ վազեցի, ինքը ինձ կորցրեց, հետո զանգեցի պապային, որ գանք Խաչիկին օգնենք, եկանք, տեսանք, որ Խաչիկն էդտեղ չի»,- պատմեց Խաչիկի մայրը:
Ծնողները հետո իմանում են, որ Խաչիկին ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, հարեւաններից մեկը տեսել է, ստիպել է վարորդին, որ հիվանդանոց տանի:
«Դեպքը գարաժների մոտ ա եղել, որտեղով ոչ մի տաքսի չի անցնում: Թե ով ա տաքսի նստացրել Խաչիկին, ոնց, չգիտենք: Հարեւանն էլ տաքսու վարորդին ստիպել ա, որ նույն մեքենայով Խաչիկին տանի հիվանդանոց»,- ասաց դանակահարված տղայի հայրը` Գեւորգ Ղազանչյանը:
Խաչիկի մորը` տիկին Մանյային հարեւաններն են ասել, որ որդին հիվանդանոցում է: Այն պահին, երր տնից դուրս է եկել, Սուրենի ծնողներին է հանդիպել, որոնք Խաչիկին են փնտրել:
«Հետս եկան հիվանդանոց, հասանք, ոստիկաններին տեսան, երկուսն էլ անմիջապես փախան»,- պատմեց տիկին Մանյան:
Խաչիկին 11 ժամ վիրահատել են, վիճակը մինչեւ այժմ ծանր է:
«Բոլոր օրգանները լրիվ վնասված էին, բացի աղիներից: Առաջին հարվածը հասցրել է սրտին, հետո մեջքից 6 անգամ հարվածել է թոքերին»,- ասաց Խաչիկի հայրը:
Ծնողների համար անհայտ է` ինչու են տղայի հետ նման կերպ վարվել: Նրանք նաեւ տարօրինակություններ են նկատել կասկածյալի մոտ։ «Մի անգամ ինքս փողոցում վախեցա իր տարօրինակ տեսքից, վախենալու դիմակով ման էր գալիս: Երեխեքը պատմեցին, որ միշտ այլանդակ նկարներ է ուղարկել իրենց` դիակներ, մարմնի կտրտված մասեր»,- ասաց Խաչիկի մայրը` նշելով, որ իրենց տեղեկություններով` Սուրենը եւ հայրը նախկինում բուժվել են հոգեբուժարանում. «Մի անգամ Խաչիկս ասեց` Սուրոն գժի թուղթ ա հանում, որ բանակից ազատվի»:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Դանակահարվածի հարազատները տեղեկացրին, որ կասկածյալին` Սուրենին ոստիկանությունը դեռ փնտրում է:


Լուսանկարները՝ Սուրեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից




























