«Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանը պնդում է, որ հունվարի 13-ին մահացած ծննդկանի՝ Արաքսյա Դանիելյանի ամուսնու մեղադրանքները, թե ինքը ռենտգեն հետազոտության չի ենթարկել հղիին, անհիմն են:
«Հղին հոսպիտալացված է եղել գինեկոլոգիական բաժանմունքում, ինձ առաջին օրն են կանչել, որ նայեմ: Միայն այդ օրն եմ նայել, թոքաբորբ չեմ հայտնաբերել, նշանակել եմ՝ ռենգտեն քննություն, ինֆեկցիոն մասնագետի կոնսուլտացիա, դա մնացել ա էդպես»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկը:
Անդրանիկ Պապոյանի խոսքով՝ դրան հաջորդող օրը եղել է կիրակի, աշխատել է ուրիշ անձնակազմ, հերթապահ թերապեւտին կրկին կանչել են, ինքն էլ նույն ցուցումներն է տվել ու ռենտգեն հետազոտությունը կատարվել է երկուշաբթի օրը:
«Մենք գնացել են խորհրդակցության համար: Մնացածը մտնում է այն բժշկի պարտականության մեջ, որի բաժանմունքում հիվանդը պառկած է լինում»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Արաքսյա Դանիելյանի ամուսինը պնդում է, որ Անդրանիկ Պապոյանը միայն հիվանդանոցում գտնվելու 3-րդ օրն է ռենտգեն հետազոտության ենթարկել կնոջը, այդ պատճառով բուժումը ուշացել է եւ հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը:
Արաքսյա Դանիելյանը «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 26-ին: 3 օր անց նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ ու տեղափոխվել է Երեւան: Դեկտեմբերի 31-ին նրան կեսարյան հատում են արել, լույս աշխարհ է եկել նրա երկրորդ զավակը՝ որդին:
Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել:




























