Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց հիշատակի միջոցառում է տեղի ունեցել նաեւ Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի շենքի առջեւ:
Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միությունից հայտնում են, որ ցույցին մասնակցել են մոտ 1 տասնյակ հայեր, որոնք ՄԻԵԴ-ի մոտ են եկել պաստառներով: Հավաքվածները Դինքի նկարի առջեւ նաեւ ծաղիկներ են դրել:
Նշենք, որ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առջեւ։
Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության մեջ պետական պաշտոնյաների մեղսակցության գործով հետաքննության շրջանակներում դատախազությունը 26 ներկա ու նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքներ է ներկայացրել։ Օրեր առաջ պետական պաշտոնյաների դեմ ներկայացված մեղադրանքներով զեկույցն ընդունվել է դատարանի կողմից։





Լուսանկարները՝ միության ֆեյսբուքյան էջից



























