Ադրբեջանին օգտին լրտեսելու մասին իմանալու, սակայն իրավապահ մարմիններին չհայտնելու մեջ մեղադրվող, 18-ամյա Դիանա Գորոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորոյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը:
«Իմ պաշտպանյալը նման տեղեկատվություն չի ունեցել, գործում էլ պաշտպանյալիս մեղքը հիմնավորող որեւէ ապացույց չկա»,- ասաց փաստաբանը:
Դիանա Գորոյանն իրեն մեղսագրվող արարքի պահին եղել է 17 տարեկան: Դատական առաջին նիստը նշանակվել է հունվարի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Չի բացառվում, որ կողմերը միջնորդեն նիստերն անցկացնել դռնփակ:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆիկ Պապոյանը հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները. Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Սերգեյ Պապոյանը Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող անձի հետ եւ հավաքագրվել վերջինի կողմից` տեղեկություն տրամադրելով ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 դոլար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ այդ զորամասի մասին տեղեկություններ հայտնել համացանցի միջոցով:
Կարինե Ղումաշյանն էլ 2013 թվականին հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Արման անունով ներկայացած անձի կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր շուրջ 1500 դոլարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները, Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար եւ նվերներ է մատուցել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ նշված անձը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը նախապատրաստվող պետական դավաճանության մասին է, Դիանա Գորոյանն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին եւ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դիանա Գորոյանին` 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ռաֆիկ Պապոյանն եւ Կարինե Ղումաշյանը կալանավորված են, իսկ Սերգեյ Պապոյանի եւ Դիանա Գորոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




























