«Ուլիս-Երեւան» ֆոտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանը դեռեւս ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Նախաքննություն է ընթանում, այս պահին նոր զարգացում չկա, սակայն հաջորդ շաբաթ որոշակի նորություն կունենանք, երբ Գագիկ Սիմոնյանը ցուցմունք կտա»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Գագիկ Սիմոնյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված  են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: