Երեւանում 16-ամյա Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված հասցնելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող 18-ամյա Սուրեն Մուրադյանը Գեղարվեստի ակադեմիայի ուսանող է:

«Նկարիչ է, շատ խելացի երեխա է, շատ լավ ձեռք ունի, շատ սիրուն դիմակներ է նկարում»,- NEWS.am-ին ասաց նրա հարեւաններից մեկը:

Հարեւանների խոսքով՝ մինչեւ այժմ Սուրենը ոչ մի կռվի մեջ մի ընկել, վատ վարքով չի առանձնացել, ընդհակառակը՝ եղել է հանգիստ ու չխոսկան. «Որ դիմացդ դուրս էր գալիս, աչքերը իջացնում էր, ձայնը էսքան տարի չենք լսել»:

Սուրենը Խաչիկի մանկության ընկերն է: Խաչիկի ծնողների պատմելով՝ դանակահարությունը եղել է,  երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին, Սուրենը բարձր գոռացել է Խաչիկի անունը ու մեջքից դանակի հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ տղային ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, որտեղ նրանց տունն է, հարեւաններից մեկը տեսել է ու տարել հիվանդանոց: Խաչիկի վիճակը ծանր է, մինչեւ հիմա կոմայի մեջ է:

Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: Վարկած է պտտվում, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է: Խաչիկի ծնողների խոսքով՝ Սուրենի վարքում տարօրինակություններ են եղել, նա սասափեցնող դիմակներով շրջել է փողոցում, ընկերները պատմել են, որ Սուրենը իրենց հաճախ տարօրինակ լուսանկարներ է ուղարկել՝ մարդկանց մարմնի կտրտված մասեր, դիակներ: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է,  հայտարարվել է հետախուզում։