Երեւանում հունվարի 11-ին ծանր գանգուղեղային վնասվածք ստացած, եւ մեկշաբաթյա կոմայից հետո հիվանդանոցում մահացած արմավիրցի 14-ամյա Շուշան Իսպիրյանը վրաերթի է ենթարկվել մոր եւ եղբոր աչքի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աղջկա դասղեկ Տաթեւ Գեւորգյանը:

Դասղեկի խոսքով՝ Շուշանը մոր եւ եղբոր հետ Երեւան էր եկել հորեղբոր ընտանիքին այցելության:

«Մայրը մեջտեղն է եղել, եղբայրը՝ մայթի կողմն է եղել, Շուշանը փողոցի կողմն է եղել»,-ասաց մահացածի դասղեկը:

Տաթեւ Գեւորգյանը նշեց, որ իր տեղեկություններով վարորդը մեքենան արագ է վարելիս եղել, եւ պետք է հայտնաբերվի եւ պատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Վարորդը պետք է պատժվի միանշանակ, անմեղ երեխան դուրս է գալի, գնա հարազատի տուն, ինչի՞ պիտի վրաերթի ենթարկվի, որ մի քիչ արագ  չվարեր, մեքենան հաստատ նման դեպք չէր լինի»,-նշեց նա:

Շուշանիկի դասղեկը տեղեկացրեց, որ մահացած աղջկա համադասարանցիները ցնցված են նրա մահվան լուրից, Շուշանը բոլորի կողմից շատ սիրված էր:

«Երեխաները շատ ծանր են տարել Շուշանիկի մահը, որովհետեւ ինքը դասարանում բոլորի հետ շատ կապված էր, թե տղաների, թե աղջիկների: էդպիսի երեխա չկար, որ Շուշանիկի հետ ընկերություն չաներ: Ինչքան լավ բան կա, որ այդ երեխայի մասին կարելի է ասել: Շատ ակտիվ ու շատ պատրաստակամ երեխա էր, տաղանդավոր էր, լավ նկարում էր»,-ասաց Տաթեւ Գեւորգյանը:

Շուշան Իսպիրյանը ծնողների ավագ դուստրն էր, ուներ կրտսեր մեկ եղբայր, սովորում էր Արմավիր քաղաքի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանում:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հետիոտնին վրաերթի ենթարկելու եւ պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: