2010 թվականի սեպտեմբերի 6-8-ը Դուբլինում է գտնվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը` Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության հրավերով: Հայկական պատվիրակությունը Դուբլինում մասնակցել է «Ակադեմիայի առաջնորդող դերը կառավարման արդյունավետության բարձրացման գործում» թեմայով կոնֆերանսին: Բացի այդ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայություն միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել եւ 2010-2014 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերի պլանավորումը:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության ղեկավար Բրայան Էնդրյուսի, ինչպես նաեւ կոնֆերանսի մասնակից երկրների պատվիրակությունների հետ:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայություն միջեւ ստորագրվել է հուշագիր Քաղաքացիական ծառայության եւ հանրային կառավարման ոլորտներում համագործակցության մասին: Հուշագրով նախատեսվում է զարգացնել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կառավարչական հմտությունները Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում, իրականացնել քաղաքացիական ծառայության ոլորտում մագիստրոսների, մասնագետների եւ վերապատրաստողների պատրաստում:
Այս համաժողովին, բացի Հայաստանից, մասնակցել են պատվիրակություններ Բելգիայից, Նիդեռլանդներից, Կանադայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ այլն: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել 2011-ին համաժողովն անցկացնել Երեւանում, ինչն ընդունվել է համաժողովի մասնակիցների կողմից:




























