Լոռու մարզի Մարց ու Լորուտ համայքներում խոզերի աֆրիկյան ժանտախտը շարունակում է նոր թափ հավաքել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը:
Նրա տեղեկացմամբ, Թումանյանի շրջանի վերոնշյալ երկու համայքներում օգոստոսի 23-ից մինչ օրս ոչնչացվել ավելի քան 300 խոզ, որից 178-ը Լորուտում, 124-ը՝ Մարցում։ «Հիվանդ կենդանիները սպանդի են ենթարկվում։ Սակայն ինչպես հայտնի է, խոզերի ժանտախտի դեպքում պրոֆիլակտիկ միջոցներ ձեռք առնել հնարավոր չէ, քանի որ այդ հիվանդության դեմ պատվաստանյութ մինչ այժմ չի հայտնաբերվել։ Միակ բանը, որ կարող ենք անել վարակի տարածումը կանխելու համար, խոզերին բաց, ազատ պահվածքից փակ տարածքներ տեղափոխելը եւ կենդանիներին այնտեղ պահելն է»,- նշեց Համլետ Վիրաբյանը՝ ավելացնելով, որ հիվանդության նոր օջախների հայտնաբերման դեպքում դրանք ախտահանում են, իսկ հիվանդ կենդանիներին մորթում եւ թաղում հատուկ փորված հորերում։
Լոռու մարզային կենտրոնի պետի հավաստմամբ, աֆրիկյան ժանտախտի չեզոքացման միակ միջոցը խոզաբուծությունից 5-6 տարով հրաժարվելն է։ «Բայց այս համայնքներում մարդիկ ուրիշ զբաղմունք եւ աշխատանք, ապրուստի միջոց չունեն, դրա համար էլ շարունակում են զբաղվել այդ գործով»,- ամփոփեց Համլետ Վիրաբյանը։
Նշենք, որ Լոռու մարզի Մարց ու Լորուտ համայքներում օգոստոսի 26-ից կարատին է հայտարարվել է։ Գյուղերի մուտքերին տեղադրվել են կարանտինային հսկողության կետեր։ Սահմանափակվել է խոզերի տեղաշարժն ու խոզի մսի տեղափոխումը։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի 24 համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտ բռնկվել էր նաեւ 2007 թվականին։



























