Աշխարհն այսօր կանգնել է մի իրավիճակի առաջ, երբ խոսք է գնում երկրագնդի վրա մարդ տեսակի շարունակական գոյատեւման կամ վերացման մասին: Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում: Ըստ Մանուչարյանի՝ մարդու տեսակի պահպանման կարեւորագույն գործոններից մեկը դա անկախությունն է: «Այդ տեսակետից, անկախության դեմ ամեն մի ոտնձգություն այսօր դառնում է ոտնձգություն ոչ միայն այս կամ այն ազգի, ժողովրդի իրավունքների հանդեպ, այլ մարդկության գոյատեւման խնդրի հետ կապված կարեւորագույն մարտահրավեր է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նա, այս համատեքստում, հիշատակեց մի փորձի մասին, որը կիրառվել է առնետների վրա: «Առնետի հաճույքների կենտրոն են մտցնում մի էլեկտրոդ:  Առնետի մի թաթիկի տակ կոճակ են դնում, որը սեղմելով՝ նա հաճույքներ է ստանում: Առնետն այդ կոճակն անընդհատ սեղմում, սեղմում է, մինչեւ սատկում  է սովից ու անքնությունից: Նա անդադար ուզում է հաճույք ստանալ: Փորձը հաջորդ անգամ մի քիչ ավելի բարդացնում են. հաճույք ապահովող կոճակին միացնում են  մի ուրիշ էլեկտրոդ եւ այն միացնում մեկ այլ  առնետի ցավի կենտրոնին: Եվ երբ  առնետներից մեկը հաճույք էր ստանում, միաժամանակ մյուս առնետը ցավ ու սարսափի զգացումների մեջ տապակում էր: Առնետների մի զգալի մասը, տեսնելով մյուսի ցավը, դադարում էին կոճակը սեղմելուց»: Ըստ Մանուչարյանի՝ այս փորձը կիրառվում է մարդկության շրջանում, մասնավորապես նաեւ Հայաստանում, որտեղ շատ ու շատ քաղաքացիների մղումը առավելագույն ծավալով հաճույքներ ստանալն է: Սակայն, ըստ նրա, հասարակության մեջ կան տարբեր շերտեր, որոնք դուրս են եկել հաճույք ստանալու պահանջի շրջանակից եւ ընթանում են ազատության հասնելու ճանապարհով: Այդ շերտերը քաղաքացիական տարբեր նախաձեռնությունները, երիտասարդական շարժումներն են: Այդ շերտերի առկայությունը Աշոտ Մանուչարյանին հույս է տալիս, որ Հայաստանում կարող է լինել 88-ի շարժման կրկնությունը, որը Հայաստանին կդարձնի իրական ազատ եւ անկախ պետություն: «88-ին անկախությունն ու ազատությունը ձեռք-ձեռքի տված էին գնում, որովհետեւ մարդիկ այն ժամանակ նաեւ ազատ էին, դա շատ կարեւոր է», ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը: