Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից նեկայացված բանաձեւի նախագծին, որը Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Առավոտ»-ին ասել է. «Այն, ինչ առաջարկում է ՀԱԿ-ը՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ դրվելիք նախաձեռնության հնարավոր օրինակ, ոչ միայն չի հակակշռում ադրբեջանական նախագծերին, այլեւ հակառակը՝ Հայաստանի եւ ԼՂ-ի համար նոր մեծ ռիսկեր է ստեղծում:
Նախ, Հայաստանը չպետք է նման վախվորած տեքստեր դնի շրջանառության մեջ՝ խուսափելով հստակորեն խոսել Արցախի կայացած անկախության ու պետականության, ԼՂՀ-ի ճանաչման հրամայականի, ժողովուրդների ինքնորոշման՝ ԼՂ բնակչության կողմից արդեն իրացված իրավունքի մասին: Այդ կապակցությամբ բանաձեւի օրինակում ընդամենը հանդիպում են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են, օրինակ, «մարդու իրավունքներ» եւ «հիմնարար ազատություններ», որոնք միջազգային փաստաթղթերում ավելի հստակ ամրագրված ժողովուրդների իրավունքից տարբերվող հասկացություններ են»: Սաֆարյանի համար անընդունելի է նաեւ բանաձեւում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի վկայակոչումը: Նրա համոզմամբ, 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ում ընդունված թիվ 822, 853, 874 եւ 884 հայտնի եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի շահերին հակասող բանաձեւերը վկայակոչելը՝ ամրագրելով, որ հայկական ուժերը իսկապես ագրեսիա ու օկուպացիա են իրականացրել, ուղղակի անթույլատրելի է:




























