Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վերաքննիչ դատարանը մերժել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) գեւորգպերկուպերկյանական թեւի հայցն ընդդեմ կոնգրեսամետ Լյուդմիլա Սարգսյանի: Բանն այն է, որ ՍԴՀԿ պառակտումից հետո կուսակցության կնիքը մնացել է Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած թեւի մոտ եւ նրանք են համարվում Հայաստանում օրինական գործունեություն ծավալող ՍԴՀԿ-ն:
Հիշեցնենք, որ սա երկրորդ ատյանն է, որտեղ մերժվում է անջատված թեւի հայցն ընդդեմ կոնգրեսամետ թեւի: Ինչպես NEWS.am-ին փոխանցեց մերժված կողմի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, մերժման հիմքը դարձյալ վաղեմության ժամկետն է: Մեր հարցին,թե հիմա ի՞նչ են պատրաստվում անել, Ն. Գալստյանը հիշեցրեց երրորդ ատյանի հնարավորության մասին. «Մենք դեռ ունենք վճռաբեկ դատարանի հնարավորություն: Այս պահին քննարկվում են նաեւ մի քանի տարբերակներ՝ իրավական լուծումների առումով: ԻսկՍԴՀԿ գործունեությունն ամեն դեպքում կշարունակվի»:




























