Հայաստանում վերջին տարիներին թափ է առել թվայնացման գործընթաց։ Թվայնացվում են ինչպես գրքեր, արխիվային նյութեր, այնպես էլ թանգարանային իրեր եւ պատկերասրահում գտնվող նյութեր։ Համատարած թվայնացումը հաճախ խառնաշփոթ է առաջացնում գրադարանների եւ թանգարանների աշխատակիցների շրջանում, քանի որ նրանց տարիքը հիմնականում միջից բարձր է, իսկ փորձառու աշխատակիցները սովոր չեն աշխատելու նորագույն տեխնոլոգիաներով։ Աշխատակիցները դժգոհ են նաեւ, որ թվայնացման աշխատանքների համար հավելյալ վարձատրություն չեն ստանում։ Իսկ այդ աշխատանքները հիմնականում կատարվում են հենց նույն հիմնարկների ներքին ռեսուրսների հաշվին։
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենք հավելյալ միջոցներ չեն ստացել ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի թվայնացման աշխատանքները իրականացնելու համար։
«Մեր գրադարանում արդեն շուրջ 500 հնատիպ եւ վաղ շրջանի գրքեր են թվայնացվել, այդ ամենը կատարվել է մեր ներքին ռեսուրսների հաշվին, իսկ որոշ սարքավորումներ ձեռք ենք բերել դրամաշնորհների միջոցով»,-ասաց Տ. Զարգարյանը։
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2006 թվականից։ Ներկայումս գրադարանի մոտ 500 թվայնացված գրքերից մոտ 200-ը տեղադրված է ինտերնետում։ Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում թվայնացման աշխատանքները նոր են սկսվելու, սակայն այդ գործընթացն արդեն իսկ մտահոգում է տվյալ կառույցի աշխատակիցներին։
Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ
Վեհանուշ Փունարջյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատկերասրահի հավաքածուների թվայնացման գործընթացն իրենց համար դեռեւս անորոշ է, պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է ընթանալու կամ ինչ սարքավորումներով։
«Մեր ամբողջ ֆոնդը բավականին մեծածավալ է, իսկ մենք չունենք համապատասխան սարքավորումներ` այդ ամենը բավականին արագ իրականացնելու համար»,- ասաց Վ. Փունարջյանը՝ նշելով, որ իրենց ունեցած համակարգիչն ընդամենը մեկն է, այն էլ բավականին հին։ Այնինչ հարկ է մուտքագրել մոտ 26 հազար նմուշ։ Վ. Փունարջանը նշեց նաեւ, որ պատկերասրահի փորձառու աշխատակիցների մեծ մասը նոր տեխնոլոգիաներին լավ չեն տիրապետում։





























