Մարդկանց հոգեբանությունն ու բնավորությունն ուղղակիորեն կախված են երկրի աշխարհագրական դիրքից եւ կլիմայից: Այս մասին այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:

Նրա խոսքով` ինչպես տարվա բոլոր եղանակներն են վառ արտահայտված Հայաստանում, այնպես էլ էմոցիաներն ու հույզերն են բուռն հայերի մոտ:

«Մեր կլիմայի պես` մենք էլ ենք շատ բուռն, զգայուն: Նկատած կլինեք` հայերի պես էմոցիոնալ վերապրումներ ոչ մի ազգի մոտ չկան. նույն ձեւով վերապրում ենք` ե'ւ ուրախությունը, ե'ւ տխրությունը»,- ասաց Նարինե Պետրոսյանը:

Հոգեբանի խոսքով`Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների մոտ անգամ նկատվում են բնավորության տարբերություններ` կապված մարզի բնության եւ եղանակի հետ:

«Լեռնային շրջաններում ապրողների մոտ գերակշռում է բնավորության հստակությունը, կոպտությունը, Արարատյան դաշտավայրի մարդիկ շատ ավելի էմոցիոնալ են, անընդհատ ունեն պաշտպանված  լինելու զգացողություն»,- նշեց նա:

Ըստ Նարինե Պետրոսյանի, մարդու եւ բնության փոխկապակցվածությունը նկատելի է նաեւ մարդու ու բնության`բույսերի, կենդանիների բազմացման ու զարգացման նմանություններում, սակայն ի տարբերություն բույսերի ու կենդանիների` մարդու մեջ էգոիզմը շատ ավելի շատ է, ինչն էլ հանգեցնում է ընտանեկան եւ այլ կոնֆլիկտների:

«Բնության մեջ կա որոշակի փուլ, երբ բույսը բաց է թողնում իրենից սերված պտուղը: Մարդը շատ ավելի դժվար է  դա անում. հենց դրանից էլ սկսվում են խնդիրները: Մենք փորձում ենք սեփականացնել ամեն ինչ` սկսած բնությունից, կենդանիներից, մարդկանցից: Ասում ենք` երեխան իմն է, սա իմն է, նա իմն, եւ սկսվում են ընտանեկան խնդիրները»,- նշեց հոգեբանը: