Եթե ռեյտինգային համամասնական ընտրակարգը չլինի, ՀՀԿ-ին կմեղադրեն, որ խուսափում է իր վարկաբեկված անդամներին ներկայացնել: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Նա NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչո՞ւ իշխանության համար ռեյտինգային համասնական մոդելը դարձավ հրամայական:
Պարոն Նիկոյան, ինչո՞ւ կանգ առաք ռեյտինգային համամասնական ընտրակարգի վրա:
Ցանկացած կուսակցություն պետք է հանդես գա այն մարդկանցով, որոնք տվյալ ազգաբնակչության մոտ ունեն որոշակի հարգանք եւ շատ նորմալ երեւույթ է, եթե որեւէ մեկը անձով է քվեարկում կուսակցության օգտին:
Այսինքն` մրցակցություն առաջացնելով նույն կուսակցությունը ներկայացնող թեկնածուների միջեւ` ստիպելու եք ձայներ կորզել կուսակցության օգտի՞ն:
Շատ լավ է, հենց մեխանիզմը էդպես է դրված, որ մրցակցություն լինի կուսակցոթյան անդամների միջեւ, որ յուրաքանչյուրը ձգտի ավելի շատ ձայն բերել: Եթե մրցակցելով շատ ձայն բերեն, բնականաբար, շատ կլինի նաեւ կուսակցության ձայնը: Հենց մոդելի տրամաբանությունը դա է: Խնդիրը հետեւյալն է` յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է առավելագույն հաջողության հասնել, իշխանության գալ, որը լինում է ընտրությունների միջոցով: Յուրաքանչյուր կուսակցություն կարող է օգտագործել օրենքով թույլատրված բոլոր միջոցները:
Ընդդիմադիրները պնդում են, որ այս մոդելի ներդրման դեպքում կրկին առանցքային դերակատարում են ունենալու գործարարները, օլիգարխները, ձայն բերողի ինստիտուտը, ոչ թե կուսակցությունը, գաղափարախոսությունը: Դուք այսպե՞ս էիք պատկերացնում կուսակցական համակարգի կայացումը:
Այո, իհարկե, նաեւ` գործարարներով: Եթե մինչեւ հիմա որեւէ մեկը ուներ գործարար համբավ եւ միայն ինքն էր առաջադրվում մի տարածքից, հիմա մենք ցուցակով առաջարկելու ենք 15-20 հոգի, թող հանրությունը ընտրի` իրեն ակադեմիկ հանրապետական է պետք, թե գործարար համբավ ունեցող:
Այսինքն` գրեթե մեծամասնական ընտրակարգի գործիքնե՞րն են աշխատելու, երբ մարզերում ՀՀԿ-ն ունենալով ռեսուրս ու գործի դնելով այն` հավաքելու է նախկին քանակով ձայն:
Մեծամասնական թեկնածուն ունենում է իր ծրագիրը, իր ընտրատարածքը եւ պետք է ընտրվի այդ ընտրատարածքից, իսկ նոր համակարգը պարտադիր չէ, որ այդ տարածքից մեկը ընտրվի: Եթե այդ մարզում ակտիվ չեն, կարող է որեւէ մեկն էլ չընտրվի, եթե այլ մարզում ակտիվ են, կարող է շատ ընտրվի:
Եթե համամասնական ընտրակարգը ներդրվեր առանց ռեյտինգային տարբերակի, ի՞նչ կլիներ:
Եթե ընտրվեր մյուս տարբերակը, մեկ այլ լրագրող կգար կասեր` դուք ստեղծում եք մայրաքաղաքային կուսակցություն ու պառլամենտ, որովհետեւ ցուցակի մեջ բոլորը Երեւանից են եւ մարզերից չկան: Եթե կուսակցությունը չի ունենում համամասնական այս տարբերակը, վտանգն այն է, որ պառլամենտը դառնում է մայրաքաղաքային: Մինչեւ այժմ, որ ուսումնասիրեք համամասնական ցուցակները, կտեսնեք, որ թեկնածուները հիմնականում Երեւանից են:
Կարող եք փոխել սկզբունքը, եւ ներգրավել ցուցակում նաեւ թեկնածուներ մարզերից, այդ տարբերակը չե՞ք քննարկել:
Փոխելու ձեւը սա է: Որոշում ընդունողը կուսակցության ղեկավար մարմինն է, որը հիմնականում երեւանաբնակ է եւ որոշման վրա դա ազդեցություն է ունենում: Բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակները նայեք: Եթե չլինի մեծամասնականը, ապա մեր պառլամենտը կլինի մայրաքաղաքային: Եթե հրաժարվում ենք մեծամասնականից, ապա գոնե այդ ռեյտինգայինը պահպանենք` կուսակցությունը տարածքներում դեմքերով հանդես գա: Թե ով կլինի պառլամենտում թողնենք հանրության որոշմանը, թող ժողովուրդը որոշի այս կամ այն մարզից ովքեր գան պառլամենտ:
Պարոն Նիկոյան, կարծիք կա, որ եթե ռեյտինգային համամասնական ընտրակարգը չներդրվի, ՀՀԿ-ն կպարտվի ընտրություններում, քանի որ նա չունի այնքան հեղինակություն, որ առանց ձայն բերող դեմքերի ներկայանա ու ստանա անցողիկ քվե: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
Եթե հանկարծ լիներ միայն համամասնական ցուցակով, էլի եմ ասում` մեկ ուրիշ լրագրող կգար ու կասեր` դուք խուսափում եք ձեր վարկաբեկված անդամներին ներկայացնել, հիմա միայն ՀՀԿ-ն եք ներկայացնում, ձեր գերբը, ձեր դրոշը, որպեսզի ժողովուրդը չտեսնի` ում է ընտրում: Մենք էլ ասում ենք ժողովուրդը պետք է տեսնի ու ընտրի: Յուրաքանչյուր կուսկացության հաղթանակը, վարկանիշը ձեւավորվում է նրա անդամների վարկանիշով, եւ իհարկե, յուրաքանչյուր անդամի նկատմամբ որոշակի ռեգիոններում ունենում են առանձնահատուկ վերաբերմունք: Սա նորմալ է:
Նշենք, որ ընդդիմությունը նոր Ընտրական օրենսգրքի նախագծի խոցելի կետերից է համարում ռեյտինգային համամասնական ընտրակարգը: Այդ մոդելի դեպքում կուսակցությունները ներկայանալու են երկու տասնյակ թեկնածուի ցուցակով: Եթե նախկինում 41 մեծամասնական ընտրատարածք էր եւ յուրաքանչյուր տեղից ընտրվում էր մեկ թեկնածու, հիմա ընտրատարածքները միավորվելու են, եւ այդ տարածքները ներկայացնող նախկին մեծամասնական թեկնածուներն ու նրանց համար աշխատող հեղինակությունները ընդգրկվելու են իշխող կուսակցության ցուցակում, որպեսզի սեփական անձի գործոնով կարողանան քվե կորզել կուսակցության օգտին:
Ըստ ընդդիմադիրների` իշխանությունը գործադրելով վարչական լծակներն ու ողջ ռեսուրսը, կկարողանա կորզել այնքան ձայն, որքան մեծամասնական ընտրակարգի ժամանակ: Այս տարբերակով համամասնական ընտրակարգի ներդրումը, ընդդիմադիրները համարում են խորհրդարանական համակարգի խեղում:





























